ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը հնագույն, բայց միևնույն ժամանակ հզոր պատմություն ունեցող ժամանակակից ու պատմական երկիր է` հիանալի բնությամբ, հարուստ մշակույթով, ավանդական խոհանոցով, ջերմ հյուրասիրությամբ:

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է` աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, որը հիմնադրվել է Ք.ա. 782 թվականին և ի սկզբանե անվանվել Էրեբունի: Երևանում բնակվում է 1 066.3 հազար մարդ (2012թ. տարեվերջ), իսկ ՀՀ բնակչության թվաքանակը կազմում է 3 018 854 մարդ (2011):    ՀՀ տարածքը 29.74 հազար քառ. կմ է (մոտ է Բելգիայի և Ալբանիայի տարածքներին): Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 1,800 մետր, իսկ ամենաբարձր լեռնագագաթը Արագած լեռն է (4,090 մետր):

Հայաստանն Այսրկովկասի այն երկրներից է, որը թեև ելք չունի դեպի ծով, սակայն համարվում է Եվրոպան ու Ասիան իրար կապող ճանապարհների խաչմերուկ և անդրմայրցամաքային երկիր:

 Հայաստանը 301 թվականին աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Բնակչության 98 տոկոսը հայեր են. բնակվում են նաև ռուսներ, եզդիներ, ասորիներ, հույներ, հրեաներ, ուկրաինացիներ, վրացիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ: Հայաստանի պետական լեզուն հայերենն է: 405 թվականին սուրբ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը: Բնակչության մեծ մասը տիրապետում է ռուսերենին և անգլերենին: Բնակչության 64 տոկոսն ապրում է քաղաքներում: Հայաստանն ունի պատմամշակութային

 

եզակի ժառանգություն և աշխարհով մեկ ցրված մեծ Սփյուռք, որը, տարբեր հաշվումներով, կազմված է 5-10 միլիոն մարդուց: Սփյուռքի խոշորագույն հայկական համայնքները գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Դրամական միավորը հայկական դրամն է (1 ԱՄՆ դոլարը հավասար է մոտ 400 ՀՀ դրամի): Հայաստանի պետական դրոշն ուղղանկյուն է` երեք հավասար հորիզոնական շերտերով` կարմիր, կապույտ, նարնջագույն: Կարմիրը խորհրդանշում է ազատության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտը` Հայաստանի մաքուր երկինքը, իսկ նարնջագույնը` հայ ժողովրդի աշխատանքը առաջընթացի ու արարման համար: Հայաստանի օրհներգը «Մեր հայրենիք» կոմպոզիցիան է. բանաստեղծության հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտության հեղինակը` Բարսեղ Կանաչյանը: Հայաստանի օրհներգն ու զինանշանը ժառանգվել են 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետությունից: Զինանշանի կենտրոնում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների զինանշանները, որոնց մեջտեղում բիբլիական Արարատ լեռն է` գագաթին ուրվագծվող Նոյյան տապանով: Վահանի երկու կողմերում պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը: Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկեըը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը:

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը լեռնային երկիր է: Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000- 2.500 մ բարձրության վրա: Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 000 կմ 2  կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 000 կմ 2 : Ամենաբարձր կետը Արագած լեռն է՝ 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը՝ 375 մ: Մյուս բարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3 906 մ) ևԱժդահակը (3 598 մ): Երկրի տարածքը կազմում է 29․743 կմ 2 , որի 71.3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12.4%՝ անտառային, 7.7%՝ հատուկ պահպանվող տարածքներ և 8.6%՝ այլ հողեր: Հայաստանի Հանրապետության լեռները հիմնականում մտնում են Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգում: Լինելով լեռնային երկիր՝ Հայկական լեռնաշխարհը հարուստ է զանազան օգտակար հանածոներով: Հին ժամանակներից շահագործվել ենպղնձի (Cu), կապարի (Pb), արծաթի (Ag), ոսկու (Au), երկաթի (Fe) և այլ հանքեր: Պղինձը հանդիպում է նաև մոլիբդենի հետ (Mo)՝ պղնձամոլիբդենային հանքավայրերում Քաջարանի, Ագարակի և վերջերս շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրերը: Սև մետաղներից երկաթի համեմատաբար խոշոր հանքավայրեր կան Սվարանցի, Հրազդանում և Աբովյանում (Կապուտան) հանքավայրերը: Հայաստանի Հանրապետությունում հսկայական են շինանյութերի պաշարները: Բազալտի շերտերը հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք են զբաղեցնում: Պեռլիտը հանդես է գալիս ավազի ու խճի տեսքով: Հանդիպում են տուֆի, բազալտի (որձաքար), հրաբխային կավերի, գրանիտի, մարմարի և այլ հանքավայրեր: Հայաստանի Հանրապետությունում հայտնի են Ջաջուռի և Ջերմանիսի ածխահանքերը: Հայկական լեռնաշխարհը հռչակված է իր բազմաթիվ սառը և տաք հանքային ջրերով, որոնցից վերջինները մեծ մասամբ հայտնի էին ջերմուկ անունով: Հնում նշանավոր էին Վարշակի, Վայոց ձորի ջերմուկները, այժմ՝ Ջերմուկի, Դիլիջանի, Արզնիի, Բջնիի և այլ հանքային աղբյուրները: Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով: Երկրում կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը: Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»՝ «Նաիրի»: Երկրի տարածքի 4,7%-ը (7,7 միլիարդ կմ 2 ) կազմում է ջուրը: Հայաստանի Հանրապետության ամենաերկար գետերն են՝ Արաքսը,

 Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, Քասախը և այլն [14] : Գետերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 23 հազար կմ: Հայաստանում կան բազմաթիվ լճեր, որոնցից ամենամեծը՝ Սևանա լիճը, գտնվում է ծովի մակարդակից 1897 մ բարձրության վրա: Այն հանրապետության խոշորագույն ձկնաբուծական կենտրոնն է ու քաղցրահամ ջրի ամենամեծ աղբյուրը Մերձավոր Արևելքում: Աշխարհի քաղցրահամ ջրով լճերի շարքում՝ գտնվելու վայրի բարձրությամբ, այն զիջում է միայն Տիտիկակա լճին (3812 մ, Անդեր): Սևանը Հայկական լեռնաշխարհում մեծությամբ երրորդ լիճն է (Վանա լճից և Ուրմիայից հետո): Հնում հայտնի է եղել «Գեղամա ծով», «Գեղարքունյաց ծով» և այլ անուններով: Լճի մակերեսը 1240 կմ 2  է, խորությունը հասնում է 83 մետրի: Սևանա լճի շրջապատում են 4 լեռնաշղթաներ՝ Փամբակի (հյուսիս-արևմուտք), Արեգունի (հյուսիս- արևելք), Վարդենիսի (հարավ), Գեղամա (արևմուտք): Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 կմ 3  է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի՝ Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0.7 կմ3: Հայաստանի բուսական աշխարհը ներկայացնում են մոտ 3600 տեսակի անոթավոր բույսեր (Կովկասի ֆլորայի մոտ 60 %-ը), որոնք ընդգրկված են ավելի քան 800 ցեղերում և 160 ընտանիքներում: Հայաստանի տարածքով են անցնում շատ բուսատեսակների տարածման արեալների սահմանները: 156 ընտանիքի 879 ցեղի պատկանող 3260 բուսատեսակ ներառված է «Հայաստանի ֆլորա» ժողովածուի 11 հատորում: 4 նոր ընտանիքներ, 33 ցեղ, 445 տեսակ և 16 ենթատեսակ հայտնաբերվել են ավելի ուշ [19] : Հայաստանի ֆլորայի էնդեմիկների թիվը կազմում է 124 տեսակ, որը նրա բուսական աշխարհի տեսակային ընդհանուր բազմազանության մոտ 3%-ն է, իսկ Կովկասի ֆլորայի՝ 1,5%-ը: ՀՀ-ի ֆլորայի էնդեմիկ տաքսոնները ներկայացնում են 26 ընտանիք, 56 ցեղ և 124 տեսակ: Կլիմա ՀՀ տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում: Այն բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու տարվա 4 եղանակների առկայությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կլիմայաստեղծ գործոնները բազմազան են: Կլիման հիմնականում լեռնային է՝ կապված ռելիեֆի հետ: Զգալի ազդեցություն ունեն հարևան զոնաները՝ Արաբական թերակղզու անապատները, Սև և Կասպից ծովերին մոտ լինելը, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովուրդը ձևավորվել է Հայկական բարձրավանդակում մի քանի ցեղախմբերի միաձուլման արդյունքում: Մ.թ.ա. VIII-IX դարերում ուրարտական ցեղերն այստեղ կազմավորեցին առաջին հայկական պետությունը՝ Ուրարտուն, որի մայրաքաղաքը Տուշպան էր, և ստեղծեցին Հին աշխարհի խոշորագույն քաղաքակրթություններից մեկը: Մենուա արքայի օրոք Ուրարտուն գերտերություն դարձավ Առաջավոր Ասիան, Անդրկովկասն ու Մերձավոր Արևելքը միավորող հսկայական տարածաշրջանում: Այս թագավորությունն ասորական աղբյուրներում սկզբում անվանվել է Ուրարտու, ապա` Նաիրի կամ Հայաստան: Մ.թ.ա. 782 թվականին Մենուայի  որդի Արգիշտին հիմնադրեց Էրեբունի բերդ-ամրոցը՝  այժմյան Երևանը՝ մեկը աշխարհի հնագույն քաղաքներից: Մ.թ.ա. I դարում Տիգրան Մեծը, միավորելով Փոքր Ասիայի և Անդրկովկասի տարածքները, նվաճելով Փյունիկիան ու Սիրիան, հիմնադրեց Մերձավոր Արևելքի ամենահզոր տերությունը, որն իր Տիգրանակերտ մայրաքաղաքով տարածվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով և Քուռ գետի ափերից մինչև Եփրատ ու Տիգրիս  և ստացավ Ծովից ծով Հայաստան անվանումը: Հետագայում, սակայն, Հռոմեական կայսրությանը հաջողվեց նվաճել այդ տարածքները, բացի Մեծ Հայքից: 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: 406 թվականին Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայկական գրերը և Աստվածաշունչը թարգմանեց հայերեն: 451 թվականին Արևելյան Հայաստանի վրա ծանրացավ պարսից հպատակություն ընդունելու, հավատափոխ լինելու և մշակութային ինքնությունը կորցնելու սպառնալիքը: Սպարապետ Վարդան Մամիկոնյանը, կազմակերպելով համաժողովրդական ապստամբություն, գլխավորեց Ավարայրի

ճակատամարտը: Թեև հայերը տարան միայն բարոյական հաղթանակ, բայց պահպանեցին իրենց կրոնաքաղաքական ինքնավարությունը, իսկ սպարապետ Վարդան Մամիկոնյանի՝ «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն» արտահայտությունը պատվիրան դարձավ հայության հետագա բոլոր սերունդների համար: Ռուս-պարսկական մի քանի պատերազմներից հետո՝ 1828 թվականին, Արևելյան Հայաստանը, Արցախն ու Երևան քաղաքը միացվեցին Ռուսական կայսրությանը: Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ընթացքում հայ ժողովուրդն անվերապահորեն աջակցում էր ռուսական զորքերին: 1918 թվականի մայիսի 28-ին թուրքական զավթիչ բանակների դեմ Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ-Ապարանի հաղթական ճակատամարտերի արդյունքում հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, և վերականգվեց վեց դար առաջ` Կիլիկյան հայկական թագավորության անկումով կորսված հայկական պետականությունը: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, իսկ 1922 թվականի դեկտեմբերին Խորհրդային Հայաստանը ներառվեց Խորհրդային Միության կազմում: Հայությունն ակտիվ մասնակցություն ունեցավ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմին` պաշտպանելով Հայաստանի ու միասնական պետության ազատությունն ու անկախությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի ընթացքում հայ ժողովուրդն ընտրեց անկախ պետականության կերտման ճանապարհը:  Հայ ժողովրդի ազատագրական պայքարի շնորհիվ ծնունդ առավ նաև հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ

Հայաստանը եզակի պատմամշակութային ու բնական հուշարձանների երկիր է: Քրիստոնեությունը հայկական մշակույթի ու պետականության հիմքն է, ինչի արդյունքում Հայաստանը հատկապես հարուստ է քրիստոնեական հուշարձաններով: Դրանց մեջ առանձնանում են Հաղպատի, Սանահինի ու Հաղարծինի վանքերը, Գեղարդավանքը, Նորավանքը, Սաղմոսավանքը, Հովհաննավանքն ու Գոշավանքը: Իսկ նախաքրիստոնեական շրջանի հուշարձաններից մեզ են հասել ուրարտական Էրեբունի ամրոցն ու Գառնիի հելլենիստական տաճարը:

ԲԻԲԼԻԱԿԱՆ ԱՐԱՐԱՏԸ ԵՎ ԽՈՐ ՎԻՐԱՊԸ

Համաձայն Աստվածաշնչի՝ Հայաստանում` Արարատ լեռան գագաթին է իջել Նոյյան տապանը, որում Աստված պահպանեց մարդկային կյանքը:  Խոր Վիրապ նշանակում է խոր հոր: Անվանումը պատահական չէ, քանի որ վանքը կառուցված է այն հորի վրա, որում քրիստոնեություն դավանելու և ժողովրդի մեջ այն տարածելու համար Հայոց Տրդատ Երրորդ արքայի հրամանով 14 տարի բանտարկված էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Թունավոր օձերով ու զեռուններով լի խոր հորը չկոտրեց Սուրբ Գրիգորի հավատը, ում տեղացի մի բարեպաշտ կին գաղտնի հաց և ջուր էր բերում:  Քրիստոնյա Հռիփսիմյան կույսերին նահատակելուց հետո  Տրդատ Գ-ն դիվահարվում  և խոզակերպ է դառնում: Տրդատ Գ-ի քույրը տեսիլք է տեսնում, որ թագավորին կարող է բուժել միայն հորում՝ վիրապում բանտարկված Գրիգորը:  Սուրբ Գրիգորը բուժում է արքային, և Տրդատ 3-րդը քրիստոնեությունը Հայաստանում հռչակում է պետական կրոն:

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնն է: Քաղաքը, որպես Վաղարշապատ անունով ամրոց, հիմնվել է մ.թ.ա. IV դարում, իսկ I հազարամյակի սկզբում եղել է երկրի մայրաքաղաքը: Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը` աշխարհում հնագույն քրիստոնեական տաճարներից մեկը, որի շրջագծում էլ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրն է: Մայր տաճարը 303 թվականին հիմնել է Հայոց կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ նրան տեսիլքում հայտնվել է Հիսուս Քրիստոս ու ոսկե մուրճով ցույց տվել Աստծու տան կառուցման վայրը: Էջմիածին տեղանունը ստուգաբանվում է որպես Միածնի իջման վայր:

ԶՎԱՐԹՆՈՑ

Ակկրկնելի Զվարթնոց տաճարի ավերակները գտնվում են Երևանից 15 կմ հեռավորության վրա: VII դարում Հայոց Ներսես Երրորդ կաթողիկոսը, ում պատմությունը կնքել է Շինարար անունով, հիմնադրեց  Զվարթնոցի տաճարը, որը դարձավ Տիրոջ հանդեպ հայության անսասան հավատի խորհրդանիշը: Տաճարը կառուցվել է 643-652 թվականներին այն տեղում, որտեղ հանդիպել են  Սուրբ Գրիգոր Լուսավորչը և Տրդատ արքան, որից հետո արքան դարձի է եկել:  Զվարթնոցը, որը ճարտարապետական հրաշք է և հայկական բազմաթիվ տաճարների նախատիպ, մոտ երեք հարյուրամյակ հետո ավերվեց ուժգին երկրաշարժից: Այն գոյատևեց 300 տարի, սակայն հայության հիշողության մեջ կապրի հավերժ: Զվարթնոցի տաճարի ավերակները ևս ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

ՆՈՐԱՎԱՆՔ

Հայ ճարտարապետության այս մարգարիտը XIII դարում կառուցվել է Արփա գետի` կարմիր ժայռերով պատված կիրճի վրա: Համալիրի եկեղեցիների պատերը զարդարված են հարթաքանդակներով, իսկ վանքում կարելի է տեսնել հռչակավոր ճարտարապետ Մոմիկի կերտած խաչքարերը:

ՍԵՎԱՆ ԵՎ ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

Սևանա լիճն աշխարհի ամենաբարձրադիր լճերից է. գտնվում է ծովի մակերևույթից գրեթե 2000 մետր բարձրության վրա: Լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով: Նրա մեջ են լցվում 28 գետեր, սակայն սկիզբ է առնում միայն Հրազդանը:

ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ

Միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային, գիտական ու կրթական խոշորագույն կենտրոններից մեկը` Տաթևի վանք հասնելու համար կարելի է օգտվել աշխարհում ամենաերկար` «Տաթևեր» ճոպանուղուց: Վանքը գտնվում է ժայռոտ սարահարթի վրա՝ Որոտան գետի գեղատեսիլ կիրճի վերևում: Վանքը հիմնվել է 839 թվականին սուրբ Թադեոս առաքյալի օգնական սուրբ Եվստաթեոսի շիրմի վրա: Համաձայն ավանդության՝ վանքը Տաթև է անվանվել, երբ այն կառուցող վարպետը մի անգամ Տիրոջը խնդրել է, որ «Օգնի Սուրբը, տա թև»` «Սուրբ Հոգին ինձ ուղարկի թևեր», և Տերը կատարում  է նրա խնդրանքը. վարպետը թևեր առնելով թռչում է:

ԴԻԼԻՋԱՆ

Աղստև գետի գեղատեսիլ անտառների, հովիտների ու կիրճերի մեջ, Անդրկովկասի ամենահարուստ ազգային պարկի անմիջապես կենտրոնում է գտնվում Դիլիջանը՝ Հայաստանի ամենահռչակված լեռնակլիմայական ու բուժական- առողջարարական  առողջավայրերից մեկը՝ հայտնի իր հանքային ջրերով:

ԳԱՌՆԻ

Առաջին դարում կառուցված Արևի անտիկ տաճարը հելլենիսական դարաշրջանի ճարտարապետության հրաշալի օրինակ է: Հայոց Տրդատ I-ի հրամանով կառուցված տաճարը վեր է խոյանում ժայռե հրվանդանի գագաթին: Տաճարն ավերվել է 1679 թվականի երկրաշարժից և վերականգնվել 1970-ական թվականներին:

ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

Ժայռափոր այս վանքը հայ միջնադարյան ճարտարապետության գոհարներից է: Վանքի անվանումը կապված է Սուրբ Գեղարդի՝ նիզակի մասունքի հետ, որ վրա պահպանվել է Տիրոջ Արյունը: Գեղարդի ծայրը, որն առաջին դարում Հայաստան է բերել Թադոս առաքյալը, այժմ պահվում է Սուրբ Էջմիածնում: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից IV դարում հիմնված այս վանքն սկզբում կոչվել է Այրիվանք`քարայրային (քարանձավային) վանք: Գլխավոր` Կաթողիկե եկեղեցին՝ դեկորատիվ կամարաշարով և հարթաքանդակներ ունեցող գմբեթով, կառուցվել է 1215 թվականին

ԵՏ-ԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեր մայրաքաղաքը հարուստ է նաև բազմաթիվ թանգարաններով այդ թվում` Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը: Մատենադարանը' հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ): Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24- ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Բազմաթիվ այգիներ և ժամանցի վայրեր: Դրանցից են Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին), Աբովյանի պուրակը, Երիտասարդական զբոսայգին, Կոմայգին, Բուսաբանական այգին, Կենդանաբանական այգին և այլն:

Հետևեք մեզ

- ՌԵՆՈՒԱՐ ՍՊԸ ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ -